Դպիր – ուրարակիր` Վաչագան Դոխոլեան (Բ –ընծայարան)

Աղօթեցէ՛ք

Աշխարհի տարբեր կրօններում հաւատացեալը դիմում  է տիեզերական ամենազօր ուժին, կամ ուժերին՝փառաբանելով, գոհանալով, երկիւղելով եւ խնդրելով, որը մենք սովորաբար աղօթք ենք անուանում: Բայց այլ կրօնական համակարգերում դիմումի այս ձեւը միակողմանի է, կամ կարելի է ասել մենախօսութիւն է, քանզի չունենալով Աստուծոյ ուղղափառ պատկերացումը, նրանք դիմում են ենթադրեալ մէկին, որը իր յատկանիշներով երբեմն շատ հեռու է Աստուած լինելուց: Քրիստոնէութեան մէջ,  ուր Աստուած Ինքը մարմնացաւ եւ սովորեցրեց աղօթել, մարդկային դիմումը առ Աստուած դարձաւ երկխօսութիւն, եւ սա կարող է վկայել ցանկացած քրիստոնեայ, ում յաջողուել է մաքուր սրտով եւ կատարեալ հաւատով հաղորդուել այս զրոյցի քաղցրութեանը: Քրիստոնեայի կեանքում աղօթքը զբաղեցնում է առանցքային տեղ,  քանզի աղօթքով է, որ երկինքը միանում է երկրին, երկիրը երկինք է դառնում՝ մարդս Աստծուն է մօտենում, կամ լաւ է ասել, թե դրախտային մարդ –Աստուած հաղորդակցութեան սկզբնական վիճակն է վերստեղծվում:  Առանց աղօթքի չկայ Արարիչ եւ արարած կապը, ուրեմն եւ չկայ հոգեւոր ուղղափառ կեանք: Մարդուս փրկութեան ճանապարհը լուսաւորւում է աղօթքով եւ գործերով: Կարծես թէ սովորական մի բան, որ ամէն օր լցնում է մեր առօրեան, բայց արդյեօ՞ք մենք աղօթում ենք, երբ ներկայ ենք աղօթքին, արդյեօ՞ք աղօթում ենք, երբ բառերը մեր շուրթերից տաղաչափուած եւ ախորժալուր համահունչ հոսում են առ…։

Առանց աղօթքի, չկայ յարաբերութիւն Աստուծոյ եւ մարդու մեջ, չկայ քրիստոնեավայել կեանք, ուրեմն աղօթեցէ՛ք յարաժամ, աղօթեցէ՛ք խօսքով եւ գործով՝ ապրուած կեանքով՝ ձեր ուշադրութիւնը պահելով ամէն մի մտքի, բառի եւ ամէն մի նշանախեցի վրայ, ոչ թէ կարդացէք աղօթքները մեխանիկօրէն եւ ճոխաբանելով, նոյն աղօթքը բազմիցս կրկնելով, ախորժալուր տաղաչափելով եւ մի վայրկեան իսկ չխորանալով իմաստի մէջ, այլ ձեր աղօթքի ամէն մի բառը, ամէն մի կետադրական նշանը թող որ դառնայ իրօք ձերը՝ ծնուած ձեր հոգուց, սրտից եւ մտքից՝ այս եռեակ զօրութիւնից: Ապրէք աղօթքով, որ երբեք աղօթքը չդառնայ սովորութիւն, այլ լինի կենսական պահանջ, քանզի այն հոգու կերակուրը եւ օդն ու ջուրն է:

Ինչո՞ւ մենք, որ հոգեւոր կեանքի մեջ կատարելութեան ենք ձգտում, մեծ պատրաստակամութեամբ սովորում, հետազոտում ենք այս կամ այն գիտութիւնը, լեզուները, բայց աղօթքի՝ Աստուծոյ հետ զրոյցի խորքերը թափանցել եւ զրուցել սովորել, այլ ոչ թէ բարբառել, զլանում ենք: Սա լրիւութեամբ նման է լեզու սովորելուն. նախ սովորում ենք, ըստ մեր կարողութեամբ Աստուածային յայտնութեամբ, եւ աղօթելով: Սովորում ենք, թէ ինչ է նշանակում ≪ես եմ≫, ապա՝ ≪Դու ես≫, յետոյ՝ ≪Դուք էք≫ եւ այսպէս շարունակ:  Բայց մտածել, թէ զուտ գիտութեամբ կարող ենք հասնել աղօթական վիճակների, կամ հոգեւոր ուղղափառ կեանքի դա պարզապէս կը լինի մի այլ, մոլորեալ, ծայրայեղութիւն, քանզի, վստահաբար, գիտութիւնների մէջ ոչ մի թերացում չունի սատանան եւ աւելին. ինչը մեր համար հավատքով է միայն հասանելի,  նրա համար, իր ստեղծագործութեան սկզբից իսկ, վստահ գիտութիւն է, բայց ծիծաղելի է խօսել սատանայի ճշմարիտ աղօթական վիճակի, կամ ուղղափառ կեանքի մասին: Ահա այս պարզագոյն ճշմարտութիւնը ապացուցում է, թէ ինչքան անզօր է գիտութիւնը որեւէ բան մեր մէջ դէպի բարին ձեւափոխելու համար, նամանաւանդ եթէ չունենք կենդանի հաւատք, որը իր մէջ նաեւ ընդգրկում է կենդանի աղօթքը:

Սրբակենցաղ այրերը իրենց ողջ երկրային կեանքում ձգտել են տիրապետել աղօթքի արուեստին, քանզի առողջ աղօթքով մարդ միանում է Աստծուն, իսկ ի՞նչ է քրիստոնեայի ճանապարհը եւ նպատակը, եթէ ոչ ճանապարհ դէպի Աստուծոյ հետ միացում:

Միմեայն ինքնաճանաչման ուղին մտած մարդը կարող է ասել, որ ինքը ոտք է դրել աղօթել սովորելու ճանապարհին, իսկ ինքնաճանաչումը հնարաւոր է դառնում ինքնադատումով, բայց ոչ երբեք ինքնադատապարտումով, կամ ինքնաթշնամանքով: Ճանաչելով ինքներս մեզ, մենք հասկանում եւ գիտակցում ենք մեր հիւանդ, եւ նամանաւանդ, հոգեւոր հիւանդ լինելը։ Խաչակից աւազակի նման հասկանում ենք, որ արժանաբար ենք կրում Աստծուց հեռու լինելու յանդիմանութեան տառապանքը եւ այդ ժամանակ, այդ ինքնագիտակցման լուռ րոպէին, երբ սիրտդ ու միտքդ միանում են, ահա այդ գիտակցուած րոպէին մարդ զգում եւ հասկանում է, որ այո, Աստուած մօտ է, ուրեմն նաեւ աղօթում է, եւ հենց այդ րոպէին է, որ մարդ իրապէս գտնւում է Աստուծոյ հետ երկխօսութեան մէջ, ուրեմն այդ պահին դու դրախտում ես, քանզի ի՞նչ է դրախտը, եթե ոչ Աստուծոյ մօտիկութիւնը:

Աղօթքի ժամանակ մեր միտքը հաճախակի շեղւում է՝ տարուելով այս կամ այն երկրային պլաններով, դէպքերով եւ այլն, բայց ինչքան էլ մեր մտքերը այդ պահին Աստուածահաճոյ լինեն, դա չէ աղօթքի էութիւնը եւ ընթացքը:

Ինչպէս որ մենք յարաժամ պայքարում ենք մեղքի դէմ, կամ մեր անկեալ բնութեան գայթումների դէմ, միշտ սատար եւ օգնական ունենալով մեր Տէր Եւ Փրկիչ ամենակալ Աստծուն, այդպէս էլ պիտի պայքարենք աղօթքային անուշադրութեան սայթաքումների դէմ: ≪Տէ՛ր ողորմեա՜≫. ահա ամէն ինչ իր մէջ ընդգրկող մի տիեզերական աղօթք, միւսն էլ յար եւ նման սրան. ≪Փա՜ռք Քեզ, Տեր Աստված≫, որոնք զերծ լինելով երկար շարադրութիւնից, հնարավորութիւն են տալիս գոնէ այդ մի քանի երկվայրկեանը չգայթել, անուշադիր չլինել, բայց սա էլ միշտ չէ, որ յաջողւում է: Սրանք այն աստիճաններն են, այն այբուբէնը, որոնցով մենք սովորում ենք իրօք աղօթել: Այս բնաւ չի նշանակում, թէ եկեղեցական Աստուածաշունչ, երկարաշունչ աղօթքները մեզ համար չեն, կամ Նարեկը երկարաբանութիւն է, քաւ լիցի, բայց սա նշանակում է, որ պիտի աղօթենք յարաժամ՝ սովորելով աղօթել: Սա, ինչպէս ասացի, ճիշդ եւ ճիշդ նման է մեղքի դէմ պայքրին: Աստուածաշունչ-երկարաշունչ աղօթքներն էլ իրենց երկար բովանդակութեամբ մեզ համակողմանի սատարում են աղօթքի մէջ, արտայայտում այն, ինչ իրօք պէտք է մեզ, բայց մեր կողմից անարտայայտելի եւ յաճախ էլ  անըմբռնելի է: Այն երբեմն բացայայտում է մեզ համար, թէ ում ենք դիմում եւ ապա նոր կարճ շարադրում խնդրուածքը: Երբեմն փառաբանելով՝ մեզ սովորեցնում է գոհունակութեամբ խնդրել, փառաբանել…: Նարեկացու մօտ նոյն մեղքի տարբեր դէմքերը ցոյց տուող բառերը, արտայայտութիւնները կոչուած են կենտրոնացնելու մեր միտքը այդ մեղքի տարբեր դրսեւորումների վրայ եւ հասկանալ չխոստովանածը ու գտնել մեր գործածը եւ ոչ միայն այսքանը։

Մենք այո՛, կարդում ենք աղօթքներ, երգում ենք աղօթքներ, առաջնորդում ենք աղօթելուն, բայց արդյեօ՞ք աղօթում ենք: ≪Դէ մենք ի հարկէ միշտ աղօթում ենք, բայց ա՛յ ընկերս, ա՛յ նրան այս խորհուդները իրօք պէտք են…≫, ահա թե ինչով կաւարտուեն այս մտորումները մեր սրտերում, բայց աղօթեցէք՝ խնդրելով աղօթքի շնորհը եւ… աղօթեցէ՛ք նաեւ իմ՝ բազմամեղիս համար, եւ թող որ Սուրբ Հոգի Աստուածը զօրացնի մեզ:

Print Friendly

Поделиться в соц. сетях

Share to Odnoklassniki
Share to LiveJournal
Share to Google Plus
Share to Google Buzz
Share to MyWorld